Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի փորձագետները հաջողությամբ հաղթահարել են UNODC-ի միջազգային որակավորման ստուգիչ թեստավորման հերթական փուլը UNODC - United Nations Office on Drugs and Crime
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները շարունակում են ակտիվորեն ներգրավվել միջազգային մասնագիտական որակավորման գործընթացներում՝ ապահովելով կազմակերպության ներկայացվածությունը համաշխարհային ժամանակակից գիտագործնական հարթակներում։
Մասնավորապես՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) որակի ապահովման միջազգային ծրագրի (IQAP) փորձարկումներին՝ հաջողությամբ հաղթահարելով 2025 թվականի ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլը:
Ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվել էին կենսաբանական ծագման «կույր» նմուշներ՝ դրանցում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով:
Հետազոտություններն իրականացվել են գերժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ, այդ թվում՝ մաս-սպեկտրաչափով համակցված գազային քրոմատոգրաֆի (GC-MS), ինչպես նաև եռակի քառաբևեռ մաս-սպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի (LC-MS/MS) միջոցով:
Ստացված արդյունքները եղել են հավաստի ու ճշգրիտ՝ լիարժեք համապատասխանելով նմուշների հսկիչ (ստուգիչ) տվյալներին:
UNODC-ի կողմից իրականացվող նմանօրինակ միջազգային ծրագրերին մասնակցությունը միտված է լաբորատորիաների գործունեության որակի արտաքին գնահատմանը, փորձագիտական ներուժի շարունակական զարգացմանը և հետազոտական հնարավորությունների ընդլայնմանը։
17 March 2026






.jpg)